ԽՍՀՄ-ը հնարավոր էր փրկել․ Գորբաչով

Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ ասելով, որ Խորհրդային Միությունը կարելի էր «փրկել» Սուվերեն պետությունների միություն ստեղծելու միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Գորբաչովը հայտարարել է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատել են ազգամիջյան խնդիրների ծավալները Խորհրդային Միությունում և նրա թարմացման, նորացման անհրաժեշտությունը:

«Անվտանգությունը, պաշտպանությունը, տրանսպորտային ցանցը, միասնական արժույթը մարդու իրավունքների ապահովումն, ըստ պայմանագրի նախագծի, պիտի լինեին միութենական կառույցների իրավասության ոլորտում: Ես վստահ եմ, որ դա կենսունակ տարբերակ էր, հանրապետությունների մեծ մասը կաջակցեր դրան, բայց ԳԿՉ-ի հեղաշրջման փորձը խափանեց այդ հնարավորությունը: Բայց նույնիսկ պուտչից հետո, երբ հանրապետությունները հայտարարեցին իրենց անկախության մասին, իսկ ԽՍՀՄ նախագահի դիրքերը լրջորեն թուլացան, ես կարծում էի, որ Միությունը կարելի էր պահպանել, և առաջարկեցի համաձայնության հասնել Սուվերեն պետությունների միություն ձևավորելու մասին», – ասել է Գորբաչովը: