Բազմաթիվ ձերբակալություններ դիտվում են ապօրինի, սակայն ապօրինի ձերբակալում իրականացնողներն իրավական գնահատականի չեն արժանանում

Գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարը բարձր ամբիոններից հայտարարում է, որ կալանավայրերում մի քանի անգամ քիչ կալանավորված անձիք կան, քան տարիներ առաջ, և դա դիտում է իշխանության ձեռքբերումը: Կցանկանայի փաստել, որ այն պետք չէ վերագրել բացառապես իշխանությանը։ Այն, իրավամբ, բոլորիս ձեռքբերումն է, մասնավորապես՝ իրավապաշտպանների, փաստաբանների, լրագրողների, որոնց անմիջական և տևական պայքարի շնորհիվ այսօր կիրառվում է այլընտրանքային խափանման միջոց կամ գրավ։

Այժմ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ կարևոր իրավանորմին։ Դատարանները բազմաթիվ ձերբակալություններ դիտում են ապօրինի, ոչ իրավաչափ, սակայն ապօրինի ձերբակալում իրականացնող անձիք իրավական գնահատականի չեն արժանանում։ Ավելին. Քրեական օրենսգրքում առկա է դրա հետ կապված համապատասխան հոդված։ Ժամանակն է իրականացնել նաև այս ոլորտում համապատասխան գործառույթներ և, իրավամբ, բարձր ամբիոններից հայտարարել, որ մեկ քայլ ևս կատարվեց իրավունքի զարգացման գործում` ի նպաստ պետության և պետականության։

 

Լևոն Բաղդասարյան

Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն