Արդյոք կհաջողվի՞ կանխել Երրորդ համաշխարհայինը, որը, ըստ ոմանց, արդեն սկսված է

Նախ սկսենք նրանից, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ասում են, մեկ նալին է խփում, մեկ մեխին՝ ռազմավարական անորոշության մեջ պահելով ինչպես Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և, ընդհանրապես, ողջ երկրին, այնպես էլ մարդկությանը:

Թրամփը երեկ հայտարարել է Ուկրաինային տարածքներ վերադարձնելու շուրջ բանակցությունների մասին: Տարածքներ վերադարձնելո՞ւ… Եվ ո՞ր երկրի կամ ո՞ւմ հետ բանակցությունների… Ուկրաինայի՞, Զելենսկո՞ւ կամ Մեծ Բրիտանիայի՞, վերջինիս վարչապետ Սթարմերի՞… Հավանաբար այո, որովհետև Ռուսաստանը կտրականապես դեմ է տարածքներ հանձնելուն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ- ի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինային կորցրած տարածքների հնարավոր վերադարձի շուրջ բանակցություններ են սպասվում։

«Մենք կխոսենք այդ մասին, կտեսնենք, թե արդյոք մենք կարո՞ղ ենք դրա մեծ մասը վերադարձնել Ուկրաինային, եթե դա հնարավոր է»,- ասել է Թրամփը:

Այն էլ՝ մեծ մասը…

Արձագանքելով ԱՄՆ- ի նախագահի հայտարարությանը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության մաս դարձած տարածքները ամրագրված են երկրի Սահմանադրության մեջ և հանդիսանում են դրա անբաժանելի մասը: Նրա խոսքով ՝ այդ հարցը քննարկման ենթակա չէ։

Եթե Թրամփը նախկինում վստահություն էր հայտնում, որ Ուկրաինական հակամարտության հարցը կամ, իր ասելով, Ուկրաինայում ճգնաժամը հնարավոր կլինի լուծել խաղաղ կարգավորմամբ, խաղաղության պայմանագրի կնքմամբ հնարավոր կլինի պատերազմն ավարտել և երկարատև խաղաղություն ապահովել, ապա երեկ արդեն երկմտել է: Նրա խոսքով՝ ներկայիս դինամիկան մատնանշում է երկու հնարավոր ելք. կամ համաձայնությունը ձեռք կբերվի մոտ ապագայում, կամ իրավիճակն այդպես էլ կմնա չլուծված: Սակայն Թրամփը չի մանրամասնել, թե որոշակի ինչ քայլեր են ձեռնարկվում կարգավորման հասնելու համար և ինչ գործոններ կարող են ազդել վերջնական արդյունքի վրա:

«Ես կարծում եմ, որ մենք զգալիորեն առաջ ենք շարժվել Ուկրաինայի հարցերով, և գործընթացը բավականին արագ է ընթանում,- Վաշինգտոնում Սթարմերի հետ հանդիպումից հետո Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ- ի նախագահը:-Կամ դա տեղի կունենա շատ շուտով, կամ ընդհանրապես տեղի չի ունենա»:

Թրամփը միաժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի գրաված տարածքները վերադարձնելը գրեթե անհնար կամ անհնար է: ԱՄՆ- ի նախագահը կտրուկ է պատասխանել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող նախկին ուկրաինական տարածքների մասին լրագրողի հարցին: Թրամփը ԶԼՄ- ի ներկայացուցչին խորհուրդ է տվել փորձել վերադարձնել հողերը՝ ակնարկելով, որ դա անելն այնքան էլ հեշտ չի լինի:

«Իսկ դուք փորձեք վերադարձնել դրանք»,- հայտարարել է ԱՄՆ- ի նախագահը:

Ամերիկյան վարչակազմը բազմիցս հայտարարել է հակամարտության դիվանագիտական լուծման կարևորության մասին և ընդգծել խաղաղության հաստատմանը նպաստող գործընթացներին մասնակցելու իր պատրաստակամությունը: Սակայն հնարավոր համաձայնագրի որոշակի պայմանները և դրան հասնելու ժամկետները մնում են անորոշ։

Ավելի վաղ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը զարմանք էր հայտնել իր կողմից Վլադիմիր Զելենսկուն բռնապետ անվանելու կապակցությամբ ՝ նշելով, որ չի կարող հավատալ դրան:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան