Թրամփը նշել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտին հասցնելու ժամկետները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ վեց ամսվա ընթացքում կկարողանա դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է իր նստավայրում մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվում է Fox News հեռուստաալիքով, փոխանցում է rbc.ruն:

Լրագրողների այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը ավարտվի, նա պատասխանել է. «Հուսով եմ՝ վեց ամսվա ընթացքում: Հուսով եմ՝ այս ընթացքում դա հնարավոր կլինի»։

Թրամփը նաև կրկնել է ավելի վաղ հնչեցրած իր միտքը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը չէր սկսվի, եթե ներկայիս նախագահ Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ նախագահ։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը դառնա նախագահ, կարող է 24 ժամվա ընթացքում ավարտին հասցնել ուկրաինական պատերազմը։