Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկեր ունեցող ընտանիքները պետության կողմից կստանան ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով աջակցություն:

Պարտադիր պայման է՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում տվյալ բնակավայրում հաշվառում ունենալը:

Ծրագիրը կվերաբացվի նաև Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ հետևյալ քվոտայով՝

– մինչև 50 շահառու՝ Ոսկեպարում, մինչև 50 շահառու՝ Բաղանիսում

– մինչև 40 շահառու՝ Բերքաբերում, մինչև 50 շահառու՝ Կիրանցում,

– մինչև 30 շահառու(որից 5-ը՝ ուսուցչի որակավորում ունեցող անձանց համար) Գոմքում. այս դեպքում պարտադիր է մինչև 13տ երեխա ունենալը:

Նախատեսվում է նաև հնարավորություն տալ ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար, նրանց, որոնք շինթույլտվությունը ստացել են մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:

Միաժամանակ, գործընկեր բանկերին հնարավորություն է տրվում Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում 5 մլն դրամ հավելումների մասով հավելումը ձևակերպել ոչ միայն վերանորոգման վարկի, այլև արդեն իսկ տրամադրված կառուցապատման վարկի հերթական փուլի տեսքով։

Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել՝

. գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

. գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

. առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի։

ԱՍՀՆ