Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Նա ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև միջադեպից հետո Զեյնալյանը կոշտ քննադատության էր ենթարկել Քյարամյանին՝ նշելով, որ որևէ պաշտոնյա չի կարող նման տոնով խոսել ԱԺ պատգամավորների հետ:
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է՝ «Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»։
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

