Մնա՜ս բարով, Հայրենիք, ես քեզ սիրում եմ. ԱՄՆ-ում իր մահկանացուն է կնքել Գևորգ Գյուզելյանը

Միացյալ Նահանգներում (Կալիֆորնիա) իր մահկանացուն է կնքել ՀԱՀԳԲ անդամ, հանրահայտ «Վան» գործողությունն իրականացրած մարտախմբի փոխհրամանատար, Արցախի ազատագրման գործուն մասնակից «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատար Գևորգ Գյուզելյանը։

Գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը գրում է.

«Ծանր հիվանդությունից օրերս ԱՄՆ-ում վախճանված Գևորգ Գյուզելյանը պատահական մեկը չէր։ Մարտական փառահեղ ուղի էր անցել և ՀԱՀԳԲ-ի շարքերում, և Արցախում։ Համեստագույն խառնվածք, որ երբեք չբարձրաձայնեց իր ու իր վիթխարի վաստակի մասին։ Նրան էլ մոռանալու ենք՝ այդպես էլ չճանաչած, ինչպես առանց ճանաչելու մոռացանք ՀԱՀԳԲ-ի տասնյակ ու տասնյակ նահատակների։

Ուզում եմ մի քանի տող ներկայացնել նրա ինքնապաշտպանական խոսքից, որ հնչեցրել է ֆրանսիական ատյանում՝ պատմական «Վան» գործողությունը իր երեք մարտընկերների հետ փառքով ավարտելուց և իրավապահներին հանձնվելուց հետո։ Ուշադրություն դարձնենք, որ գաղափարական նման հասունություն դրսևորում էր ընդամենը 22-23 տարեկան երիտասարդը։

«…Ինչ դատավճիռ էլ որ դուք կայացնեք, մեր գործողությունն ինքնին հաղթանակ է հայ ժողովրդի համար։ Առաջին անգամ գաղափարական տարբեր հակումներ ունեցող հայերը միավորվել են, որպեսզի իրենց դատը պաշտպանեն։ Հենց այդ պատճառով մենք նախընտրեցինք ավարտել մեր գործողության մարտական փուլը և գիտակցելով հանդերձ, թե ինչ փորձության ենք ենթարկվում, որոշեցինք հանձնվել ֆրանսիական իշխանություններին՝ պայքարը շարունակելու քաղաքական միջոցներով, որը մեզ համար նույնքան կարևոր է։

Այս դատավարությամբ մենք երկրորդ անգամ պայքարի ելանք այնպիսի մի ատյանում, որտեղ զենքերը ո՛չ մի ուժ չունեն, և ստիպեցինք Թուրքիային արտահայտվել ցեղասպանության մասին, իր պատմաբանի միջոցով ձեր առջև ստել։

Հայտարարում ենք ձեզ, որ մեր կյանքը ո՛չ մի կարևորություն չունի, մեր պայքարը չի՛ ավարտվել։ Մեր բանտարգելությունը կամ ազատ արձակումը հայերին չի խանգարի պայքարելու իրենց օրինական իրավունքների համար։ Մենք ուզում ենք, նախ և առաջ, որ մեր ժողովրդին վերադարձվի արդարությունը։ Ձեր դատավճռով դուք կարող եք նպաստել դրան․․․»»։

Լուսանկարում՝ Գևորգ Գյուզելյանը՝ ՀԱՀԳԲ հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ

Գևորգ Գյուզելյանի օրագրությունից

«13-ը հունիսի, 94 թ. Երևան

Երկար ժամանակ օրագրատետրս չէի բացել։ Պատերազմի ավարտական փուլն այնքան լարված էր, որ գոյությունն էլ էի մոռացել: Արցախն ազատագրելուց հետո

Երևան վերադարձա ու տեսա, որ Հաղթանակի դափնիները վայելում են նրանք, ովքեր սեփական արտասահմանյան

շքեղ ինքնաշարժերով էին դիրքերում հայտնվում ու չէին էլ գիշերում…

Մարտադաշտում անարդարության դեմ կռվելը շատ

ավելի հեշտ է, քան խաղաղ պայմաններում։

Մանավանդ՝ հաղթանակած զինվորի համար։

Այստեղ ես ավարտում եմ գրառումներս, որ օրագրատետրս հանձնեմ Գրիգոր Ջանիկյանին։ Ինչո՞ւ։ Ինքը գիտի։

Իսկ ես արտագաղթում եմ Միացյալ Նահանգներ։ Ինչո՞ւ

Միայն ես գիտեմ։

Մնա՜ս բարով, Հայրենիք։ Ես քեզ սիրում եմ»։