Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման․ Freedom House

Freedom House.

Freedom House-ն ուշադրությանն է հրավիրում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների խախտումների վրա, որ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական գործողությունների հետևանքով ստիպված եղան լքել տարածաշրջանը:

Տարիներ շարունակ Ղարաբաղի հայերը ենթարկվել են հարձակումների, ահաբեկումների, հիմնարար իրավունքներից զրկման և ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս գործընթացը աստիճանական և մեթոդական էր՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պայմաններում հայերը չէին կարող մնալ և գոյատևել տարածաշրջանում:

Freedom House-ի միջազգային հետաքննությունն այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ հաստատել է, որ Ադրբեջանը գործել է Ղարաբաղից հայ բնակչությանը դուրս մղելու պլանով: Հիմնվելով ականատեսների հետ հարյուրավոր հարցազրույցների և տվյալների վերլուծության վր ՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանի գործողությունները եղել են գիտակցված և համակարգված։

Հայերի դեմ ուղղված ագրեսիվ գործողությունների և հռետորաբանության համադրությունը, ինչպես նաև միջազգային նորմերի շարունակական խախտումները հաստատում են այդ գործողությունների կանխամտածված լինելը: Freedom House-ը այդ գործողությունները դասակարգում է որպես էթնիկ զտումներ՝ հիմնվելով միջազգային ստանդարտների և նախկին Հարավսլավիայում կատարված հանցագործությունների վերլուծության վրա:

Հետաքննության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ արտադատական մահապատիժներ, խոշտանգումներ, ձերբակալություններ, սննդի և դեղորայքի հասանելիությունից զրկում, խաղաղ բնակիչների հարկադիր վերաբնակեցում և տեղահանում, քաղաքացիական բնակչության դեմ նպատակաուղղված ռազմական հարձակումներ և գույքի ոչնչացում: Հավաքված ապացույցները ցույց են տալիս, որ այդ գործողությունները ընկնում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմեական կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների ներքո, ներառյալ 7-րդ (մարդկության դեմ ուղղված հանցագործություններ) և 8-րդ (պատերազմական հանցագործություններ) հոդվածները:

Հաստատվում է, որ հայերի բռնի տեղահանումը եղել է կանխամտածված և համապատասխանում է էթնիկ զտման չափանիշներին: Freedom House-ն ընդգծում է միջազգային հետաքննության անհրաժեշտությունը, քանի որ Ադրբեջանի մակարդակով այդ հանցագործությունների համար դատական հետապնդում չկա:

Կազմակերպությունը ՄՔԴ-ին կոչ է անում համապարփակ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 Freedom House-ը կոչ է անում ԵԱՀԿ մասնակից պետություններին՝

-օգտվել Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի իրավունքների խախտումների հետաքննության Մոսկովյան մեխանիզմից:

-աջակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությանը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու և դրանք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնելու համար հատուկ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ:

-աջակցել մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ հայերի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին: Մասնավորապես, դա վերաբերում է Հռոմի կանոնադրության կողմ հանդիսացող պետություններին՝ գործը միջազգային քրեական դատարան փոխանցելու համար։

Բացի այդ, Freedom House-ը դիմում է Ադրբեջանին՝ պահանջելով՝

-ապահովել Ղարաբաղի հայերի անվտանգ մուտքը իրենց տներ, պահպանել նրանց վերադարձի իրավունքը
-բացել միջազգային փորձագետների մուտքը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային օբյեկտների իրավիճակի շուրջ մոնիթորինգի համար
-դադարեցնել հայերի նկատմամբ բռնություն հրահրելուն ուղղված հռետորաբանությունը:

Freedom House-ը նաև կոչ է անում ԵԱՀԿ-ին աջակցել Ադրբեջանի կողմից կատարված խախտումների վերաբերյալ փաստաթղթավորմանը և հաշվետվողականությանը՝ այդ հանցագործությունների համար հետագա պատասխանատվության ենթարկումն ապահովելու համար: