Արամ Ա Կաթողիկոսը քննարկել է Եկեղեցու դերը, այսօր նրա շուրջ ստեղծված իրավիճակը

Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Քրիստոսի միացյալ եկեղեցու նախագահին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

«Շաբաթ, 29 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ ընդունեց այցելութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քրիստոսի Միացեալ Եկեղեցւոյ նախագահուհի դոկտ. Քարէն Թոմփսընի, ընկերակցութեամբ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան (Մ.Ա.Հ.Ա.Ե.Մ.) եւ Հայկազեան համալսարանի նախագահ վերապատուելի Փօլ Հայտոսթեանին:

Նախագահուհին Լիբանան այցելած էր ներկայ գտնուելու Մ.Ա.Հ.Ա.Ե.Մ. 100 ամեակի հանդիսաւոր պաշտամունքին եւ 77-րդ համաժողովին։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու միջ-եկեղեցական շարժումին պարզած ներկայ կացութիւնը ընդհանրապէս եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) դերը մասնաւորաբար»,- նշվում է հաղորդագրության մեջ։