Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները․ ԱԳ նախարար

«Հայաստանը պատրաստ է ամբողջապես կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները»,- Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ թուրքական կողմի հետ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ` ամբողջական կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ:

«Խոսքը ոչ միայն երրորդ երկրների, այլև ՀՀ և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին է: Կարծում եմ՝ արդեն իսկապես ժամանակն է կյանքի կոչելու պայմանավորվածությունները և տեսնելու՝ ինչպես են դրանք իրականություն դառնում», – նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 26-27-ը աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայում: