Պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել համաձայնագիրը, Ադրբեջանից դրական արձագանք չենք տեսնում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանն ակնկալում է գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ ու կայունությամբ։ Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանը գրեթե վերջնականացրել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը և պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։

«Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում», – ընդգծեց Միրզոյանը։
Այնուամենայնիվ, Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա և շարունակել սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

ՀՀ արտգործնախարարի համոզմամբ, Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պահն է, ինչը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների և մարդկանց համար։

«Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք մեր գործընկերների ամուր աջակցությունը, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասի կայունությամբ և երկարատև խաղաղությամբ», – ասաց նա։

Էստոնական լրատվամիջոցներից մեկի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, Միրզոյանը պատասխանեց` Հայաստանը միանշանակ դեմ է պատերազմին։

«Մենք չենք կարող դա հանդուրժել ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլև այն առումով, որ մենք նույնպես բախվել ենք այդ նույն արհավիրքին մեր տարածաշրջանում։ Մենք տեսել եք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը բռնի տեղահանվում, ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն։ Պատերազմը մշտապես սարսափելի բան է, և մենք կտրականապես դեմ ենք պատերազմին։ Մենք աջակցում ենք ոչ միայն խաղաղությանն ու կայունությանը, այլև երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք միայն կարող ենք կոչ անել երկրներին դադարեցնել թշնամությունը»,– ասաց նա։

Ցահքնան իր հերթին նշեց, որ Հարավային Կովկասում բարդ իրավիճակ է, բայց հայ ժողովուրդը որոշում է կայացրել շարժվել Եվրամիության ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Էստոնացի նախարարը հույս հայտնեց, թե Հարավային Կովկասի տարածաշրջանը կմնա կայուն, իսկ խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը կշարունակվեն:

«Որպես 20 տարի առաջ ԵՄ-ին միացած երկրներից մեկը՝ մենք այս մասով ձեր շահերի ակտիվ պաշտպաններից ենք։ Պատրաստ ենք հնարավորինս օգնել», -հավելեց Ցահքնան։

Նա նշեց, որ երկու երկրները շարունակում են համագործակցությունը կրթության, բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ամրապնդման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 26-27-ը աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայում: