Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը. ԿԳՄՍՆ

Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը. ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, այսօր՝ հունիսի 24-ին, կայացել է օրենքի պաշտոնական ներկայացումը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի Համադաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար/փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Օրենքի մշակման շուրջ աշխատանքներն ընթացել են ավելի քան երեք տարի՝ տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ։

««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքն առանցքային փոփոխություններ է առաջարկում, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձևը: Սա, առաջին հերթին, նշանակում է սերտ համագործակցություն մասնավոր ոլորտի, գործատուների հետ: Ինչ-որ առումով գործատուները դառնում են կրթության կազմակերպման գործընթացի մաս, ավելին՝ կրթության մի մասը կարող է կազմակերպվել հենց գործատուների մոտ՝ աշխատավայրում: Սա օգնում է, որ մենք բարելավենք մեր շրջանավարտների գործնական հմտությունները, և նրանք ամբողջությամբ պատրաստ լինեն մուտք գործելու աշխատաշուկա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: