Խնդիրն այստեղ է, բայց լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազան

Սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի կամ որևէ այլ գյուղի խնդիր չէ, սա ՀՀ գոյության խնդիրն է, որի արժանապատիվ քաղաքացիներն այստեղ են, խնդիրն այստեղ է, բայց լուծումը Երևանում է։ Այս մասին կիրանցիների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը, որը կարողացել էր ճեղքել ոստիկանության բազմաշերտ պատնեշը և գյուղ մտնել։

Նա նշեց, որ բառի բուն իմաստով ապօրինի իշխանությունը, այդ մարդկանց քվեները գողացած իշխանությունը, այս մարդկանց հակառակ խոստումը տված իշխանությունը որևէ գործ չունի այդ մարդկանց կյանքի հետ։

Հարցին՝ ի՞նչ ճանապարհով կարող է կասեցվել այդ ամբողջ աղետը նա պատասխանեց․

«Ուրիշ տարբերակ չկա, մենք չենք կարող զորք ու զենքով դա անել։ Ես առաջին օրվանից եմ ասել, երբ ինձ ասել են՝ զենք կառնենք, հենց այս գյուղի գյուղապետը խոստանում էր ընտանիքներով լցվել խրամատ, ո՞ւր է բա ինքը, կարողացե՞լ է, չի կարողացել, ո՞վ կարող է։ Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, այդ խրամատը մեր ամենամեծ պատն էր այս մարդկանց անվտանգության համար, ոչ թե ծառերը, կամ մի հատ գիծ»։

Իսկ թե  ինչպես կարողացավ հասնել Կիրանց, քանի որ ճանապարհը փակ է ոստիկանների կողմից, Սրբազանն ասաց՝ ուղիղ ճանապարհով․

«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում։ Ասեմ ձեզ, ժողովուրդ, իմանաք, իմ բոլոր քայլերը տարբեր մեքենաներով վերահսկում են, էլ չեմ ասում հեռախոսս, հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է»։