Ուրուգվայում միաձայն կողմ են քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»՝ ռադիոյի և բաց հեռուստատեսության տեսալսողական բովանդակության հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսության սեփական ազդանշաններով և հեռուստատեսային ծառայություններով։

Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը  և Միկաելա Մելգարը: