Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն

Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն, որը վարելու է միջոցառումների օրացույց՝ ներառելով հայ համայնքին առնչվող բոլոր կազմակերպությունների և միությունների գործունեությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (БТА):

Կենտրոնն օրհնել է Տեր Դիրայր քահանա Հադավյանն, ով Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Ակոպյանի ներկայացուցիչն է։

Նորաբաց կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ և հանդիպումներ հայ մշակույթի, արվեստի, կրթության և գիտության հետ առնչվող անձնավորությունների հետ և կզարգացնի բուլղարացի և հայ ժողովուրդների հարաբերությունները:

Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Վառնայի քաղաքապետ Բլագոմիր Կոցևը և նրա տեղակալներ Իլյա Կոևը, Խրիստո Ռաֆաիլովը և Իլիա Պոպովը, Վառնայի քաղաքապետարանի քարտուղար Սիլվա Կրիկորյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը և Վառնայի քաղաքային խորհրդի նախագահ Խրիստո Դիմիտրովը։