Իջևանը վերջացրին, վաղը Գեղարքունիքին են հասնելու․քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին և իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող մեր հայրենակիցներին:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ասաց. «Սա օրինակ է բոլորի համար, որ ոտքի կանգնեն: Ժողովուրդը քնած է: Սա բոլորի խնդիրն է, բոլորն էլ պետք է ոտքի ելնեն, վախեցած նստած են: Էսօր Իջևանը վերջացրեցին, վաղը Գեղարքունիքին են հասնելու, հերթով գալիս են: Մենք ոչ մեկին հող չունենք տալու: Ասում են՝ հելնենք ո՞ւմ կողքը կանգնենք: Իրար կողք կանգնեք, հակառակ դեպքում դուք թուրքի կողմն ենք: Էստեղ կուսակցական հարց չկա, էդ ընդդիմությունն էլ թող ոչ մեկը ոչ մի բան չխոսա:

Տղա են, թող իրենց տղամարդկությունը ցույց տան: Ասում են՝ ճամփա փակելով չի, զենք բռնելով ա: Դե հելեք զենքը բռնենք: Միները հավաքում եք, զենքերը հավաքում եք, ասում եք՝ ձեն մի հանեք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Շուրջ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո ճանապարհը բացվեց: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մարդիկ կան, որ պետք է գնան մասնակցեն ջահերով երթին: