Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես զինվորի արյունով գծած սահմանից բացի ուրիշ սահման չեմ ճանաչում․ Բաղանիսի համայնքապետ

Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին, որում ընդգրկված են նաեւ Տավուշի սահմանամերձ գյուղերի ղեկավարները, այդ թվում ինքը:

«Ես դեմ եմ հայկական դիրքերի հետքաշմանը, արյունով գծած սահմանի հետքաշմանը: Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի ուրիշ սահման չեմ ճանաչում»,- հայտարարեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: