Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է. Իմանգալի Տասմագամբետով

Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։ ՏԱՍՍ-ին այդ մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։ Սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգային են, լուծվում են աշխատանքային կարգով»,-նշել է նա:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ հանրապետությունը սառեցրել է մասնակցությունն այս կազմակերպությանը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել՝ հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը կազմակերպություններին: