Ոսկեպարում աղոթք բարձրացրին երեկ զոհված զինծառայողների համար

Ոսկեպարում Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն առաջարկեց այսօրվա հավաքն սկսել տերունական աղոթքով։

«Միասին կասենք «Հայր մերն»-ն ու երեկ զոհված մեր տղաների համար աղոթք կբարձրացնենք։ Քրիստոս, որդի Աստծո, որ ներողամիտ ես ու բարեգութ, Արարչական սիրովդ գթա հոգիներն հանգուցյալ ծառայեցոց: Եւ մանավանդ հիծիր, Տեր, հայրենիքի համար նահատակաված բոլոր քո զավակներին»,-իր խոսքում նշեց Տեր Շավարշ քահանան։

Հիշեցնենք, որ Ոսկեպարում հավաքը կազմակերպել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը, որը տավուշցիների կողմից ստեղծված քաղաքացիական շարժում է՝ հայրենիքի սահմանային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։

«Հավաքվում ենք Ոսկեպարի գյուղամեջում՝ ասելու՝ տեր ենք մեր հայրենիքին ու պետությանը։ Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։ Ոսկեպարը մեր հաղթանակի խորհրդանիշն է»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։