Քարաթափում և փլուզման վտանգ Արատես հուշարձանում

Պատմական միջավարի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները մարզի Արատես համայնքում  իրականացրած շրջայցի ընթացքում արձանագրել են քարաթափման դեպք։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արատես համայնքի Արատես հուշարձանի պատերից, տանիքի պահպանված հատվածից առկա է քարաթափում, կամարները խիստ խարխլված են, կա դրանց փլուզման անխուսափելի վտանգ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար։

Հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցուցակում։

Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.: