ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառ քաղաքի պետթատրոնի դահլիճում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ հանդիպել են  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Հանդիպմանը մասնակցել են  նաև Գեղարքունիքի մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրեններ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցները, հավելելով, որ «40 + 10 հազար» ծրագիրը ՀՀ կառավարությունը շարունակելու է մինչև տարեվերջ։

Այնուհետ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է այն իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում՝ սերտիֆիկատների տրամադրման միջոցով։

Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ։ Ըստ բանախոսի՝ խոսքը գնում է շուրջ 25-30 հազար բնակարանների տրամադրման կամ կառուցման մասին, այդ պատճառով էլ ծրագրի իրականացման համար հնգամյա ժամկետ է սահմանվել։

Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։ Այնուհետ ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 2 կամ ավել անչափահաս երեխա, ապա՝ այլ խմբերի ներկայացուցիչները։

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը ներկայացրել է  ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների և նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի մանրամասներ, նշելով, որ Հայաստանի դպրոցներում հանրակրթության մեջ այս պահին ներգրավված են ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար աշակերտ, իսկ առողջության պահպանման առաջնային օղակում կցագրված են շուրջ 72 հազար հոգի։ Ներդրվել է կենսաթոշակների և նպաստների տրամադրման ավելի հեշտացված կարգ։

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները պարզաբանումներ են տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բազմաբնույթ հարցերին։