Լեմկինի ինստիտուտի տնօրենը կոչ է անում ԼՂ-ում Ադրբեջանի արածն անվանել ցեղասպանություն

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել։

«Արմենպրես»-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների, հայ բնակչության՝ իրենց հայրենիք հետ վերադառնալու հնարավորությունների և այլ հարցերի շուրջ զրուցել է Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգիի հետ։

-Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մշտապես զգուշացրել և իր մտահոգությունն է հայտնել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ցեղասպանության նախապատրաստություն։ Այժմ, երբ ձեր բոլոր նախազգուշացումներն իրականություն են դարձել, և Լեռնային Ղարաբաղը փաստացի մնացել է առանց հայ բնակչության, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է աներ միջազգային հանրությունը, որպեսզի թույլ չտար էթնիկ հայերի բռնի տեղահանումն իրենց հայրենիքից:

-Այնքան բան կար, որ կարելի էր անել։ Այնպես որ, դա շատ հիասթափեցնող է: Եվ Լեմկինի ինստիտուտի համար հիասթափեցնող ու փոքր-ինչ զարմանալի էր, որ միջազգային հանրությունը նախօրոք ավելին չարեց: Քանի որ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը պատրաստվում էր ցեղասպանություն իրականացնել, մենք ցեղասպանությունը կանխարգելելու կատարյալ լուծում համարեցինք Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ճնշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն Արևմուտքի երկրների հետ ունի առևտրային, տնտեսական, ռազմական, ռազմավարական հարաբերություններ, ինչի շնորհիվ Արևմուտքն Ադրբեջանի վրա որոշակի լծակներ ունի։  Եվ Ադրբեջանը հասկացրել էր, որ ցեղասպանական մտադրություն ունի հայերի և մասնավորապես Արցախի հայերի նկատմամբ։ Այսպիսով, ամեն ինչ միանգամայն պարզ էր թվում: Այնուամենայնիվ, կատարվածի վերաբերյալ սարսափելի լռություն էր տիրում, և Ալիևի հրապարակային սպառնալիքներին ու ցեղասպան հայատյացությանը երբեք հակահարված չեղավ:  Այսպիսով, ի՞նչ կարող էր անել աշխարհը: Նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Նրանք կարող էին բարձրաձայն խոսել Ալիևի ցեղասպան հայատյացության մասին: Նրանք կարող էին ՄԱԿ-ի մակարդակով սպառնալ մեկուսացնել Ադրբեջանին։ Նրանք կարող էին նաև օրինական մեխանիզմներ կիրառել Ադրբեջանին հետ քաշելու համար։ Եվ, հատկապես, կարող էին օգտագործել կուլիսային դիվանագիտությունն ավելի շատ, քան արել են։ Դա դիվանագիտության մի մասն է, որը մենք չենք տեսնում: Չեմ կարծում, որ Ադրբեջանի վրա մեծ ճնշում է գործադրվել, որպեսզի փոխվեն նրա ուղիները, փոխվի ճանապարհը։ Ալիևը գիտեր, որ ապրում է անպատժելիության մեջ։ Եվ, գիտեք, ինչպես մյուս ցեղասպան բռնակալները, նա մաս առ մաս ստուգում էր իրավիճակը․ նախ, պատերազմ եղավ  2020-ին, հետո, իհարկե, 2020-ից հետո Ադրբեջանը դանդաղորեն գրավում էր Հայաստանի Հանրապետության տարածքներ, որից հետո եղավ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմը 2022-ի սեպտեմբերին, հետո (խմբ․ Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը՝ 2022-ի դեկտեմբերին, այնուհետև Հակարիի անցակետի կառուցումը 2023-ի ապրիլին, և Ալիևը պարզապես ճնշում էր ու ճնշում: Եվ ամեն անգամ, երբ նա դա անում էր, միջազգային հանրությունը շարունակում էր խաղաղության բանակցությունները և շարունակում էր անձնատուր լինել նրան, իսկ դրա հետևանքը միշտ ցեղասպանությունն է, երբ գործ ունես ցեղասպան բռնապետի հետ։ Նրանք պետք է  հասկանային դա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։