Կառավարությունը «պատասխանել է» «Գոյ» թատրոնին (տեսանյութ)

«Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը տեղեկացնում է, որ իրենք ստացել են կառավարությանն ուղարկած նամակի պատասխանը։

«Երեկ ինձ հաղորդագրություն են ուղարկել, որով ասվում է՝ իրենց հասցեագրված մեր փաթեթը վերահասցեագրվել և ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ս. Արզումանյանը։

«Կառավարությունը ԿԳՄՍ-ին ասել է, որ 10-օրյա ժամկետում պատասխանի մեզ։ Մենք կսպասենք նաև ԿԳՄՍ նախարարության պատասխանին, բայց այս ընթաքում այլ քայլեր ևս կնախաձեռնենք»,- ասել է ռեժիսորը։ Նա նաև հայտնել է, որ նստացույցը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից  «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի փակ դռների առջև։ Նրանք այսպես են ձևակերպել իրենց պահանջը. «Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դրական պատասխան տան մեր առաջարկին` «Գոյ» թատրոնը դառնա մասնավոր թատրոն, գործի նույն տարածքում և անցումային փուլում ստանա պետական աջակցություն, ինչպես նաև  իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք մեր խախտված իրավունքների վերականգնում»։

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը։