Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի` Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 14:00-ին: Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցից:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 21 հոգանոց պատվիրակության հետ աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Այցից առաջ Ալիևին շտապել է զանգահարել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այդ մասին տիկինը մասնավորապես գրել է․  «Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Եվրոպական միության և Ադրբեջանի միջև կարևոր հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի շրջանակներում»։ Ապա հավելել․ «Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես հաջողության հասնել Բաքվի COP29 համաժողովում»։