Իրանն ինքը կորոշի՝ ինչպես պատժել Իսրայելին. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա սիոնիստական ռեժիմի հարձակումը:

«Իրանն ինքը կորոշի, թե ինչպես արձագանքի և պատժի ագրեսորին»,- ընդգծել է նա։

Քանաանին հարձակումն անվանել է միջազգային չափանիշների կոպիտ խախտում։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այդ գործողությունը, և պետք է միջոցներ ձեռնարկվեն ագրեսորի դեմ»,- հավելել է նա։

Քանաանին շեշտել է, որ հարձակման և դրա հետևանքների պատասխանատուն ագրեսոր սիոնիստական ռեժիմն է։

Իրանի արդգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը Սիրիայի իր գործընկերոջ՝ Ֆեյսալ Մեքդադի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա սիոնիստական ռեժիմի հարձակումը միջազգային բոլոր պարտավորությունների և կոնվենցիաների խախտում է։

Ամիրաբդոլլահիանը շնորհակալություն է հայտնել իր սիրիացի գործընկերոջը հարձակումներից հետո Դամասկոսում Իրանի դեսպանատուն այցելելու համար՝ ասելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բոլորովին կորցրել է իր հոգեկան հավասարակշռությունը՝ Գազայում ռեժիմի բազմաթիվ պարտությունների և սիոնիստների հավակնոտ նպատակների չիրագործման պատճառով։

Իրանի արդգործնախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից նման հանցավոր գործողություններին լուրջ արձագանքի անհրաժեշտությունը։

Սիրիացի նախարարն իր հերթին խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա՝ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում որակելով։