Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տեղյակ է Արևմուտքի քայլերին, որոնք բարդացնում են այդ կարգավորումը։ «Իզվեստիային»  տված հարցազրույցում այս մասին ասել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնել: Նրանք գիտեն, որ իրավիճակի կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում այս գործընթացը բարդացնելու համար»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, և ինքն վերջին անգամ շփվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ 2023 թվականի նոյեմբերին։

«Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը բողոքեց որոշ գործողությունների և հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործառույթների և կազմի ընդլայնման հետ: Դա իրենց որոշելիքն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։