Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են նոր լոգիստիկ հնարավորությունները

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն քննարկել են լոգիստիկ հնարավորությունները։ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայացել է Նուրտլեուի Երևան կատարած այցի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել է Արարատ Միրզոյանը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Փաստելով հաճախակի շփումները բազմակողմ հարթակներում, քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակում՝ նախարարը նշել է, որ իրականացվել է բնավ ոչ ամբողջ պոտենցիալը։ «Եկանք  այն եզրակացության, որ կողմերը պատրաստ են զարգացնել և իրականացնել պոտենցիալը։ Հայաստանը շահագրգռված է գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, Ամերիկայից մինչև Արևելյան Ասիա։ Եվ Ղազախստանի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում։ Ուրախ եմ, որ կա փոխադարձ հետաքրքրվածություն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

Միրզոյանը նշել է երկու երկրների համար տրանսպորտային լոգիստիկ հնարավորությունների զարգացման կարևորությունը, և տեղեկացրել, որ գործընկերոջը հայտնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու ընձեռվող հնարավորությունների մասին։ Այս առնչությամբ նախարարը հատկապես ընդգծել է, որ նոր լոգիստիկ հնարավորությունները պետք է հենվեն երկրների ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Միրզոյանը նաև ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Հայաստանի կողմնակցությունը խաղաղության օրակարգին և գործադրվող բոլոր կառուցողական ջանքերը՝ խաղաղության համաձայնագրի շտապ ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանազատման վրա՝ ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի։