Արևմուտքի արձագանքը ՌԴ նախագահական ընտրություններին

Ռուսաստանի ընտրությունները «ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ անդրադառնալով ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքներին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում հայտարարել է, որ Ուկրաինայում ապօրինի ընտրություններ անցկացնելով՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության ճանապարհ որոնելով։ Մեծ Բրիտանիան կշարունակի մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել ուկրաինացիներին՝ պաշտպանելով նրանց ժողովրդավարությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում հայտարարել է, որ Ռուսաստանում կեղծ ընտրությունները ոչ ազատ են, ոչ արդար, և դրանց արդյունքները ոչ մեկին չեն զարմացնի։

«Պուտինի իշխանությունը ավտորիտար է՝ հիմնված գրաքննության, բռնաճնշումների և բռնության վրա։ «Ընտրությունները» Ուկրաինայի օկուպացված տարածքներում չունեն իրավական ուժ և հանդիսանում են միջազգային իրավունքի հերթական խախտում»,- ասվում է հայտարարության մեջ։

Լեհաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները «լեգիտիմ չեն», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ Պուտինը հավաքել է ձայների 87 տոկոսը:

«Ռուսաստանում նախագահական ընտրությունները օրինական, ազատ և արդար չեն», – ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է հավերժ իշխել, և որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ իմիտացիա են։

«Ընտրությունների այս իմիտացիայի մեջ լեգիտիմություն չկա և չի կարող լինել։ Այս մարդը պետք է ներկայանա Հաագայի դատարան։ Սա այն է, ինչին մենք պետք է հասնենք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ արձանագրությունների 30 %-ի մշակումից հետո ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 87,68 %-ը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: