Խորհուրդ չենք տա, որ ՀՀ իշխանությունն անգամ մտածի ռուսական զորքերի դուրսբերման մասին․ Դաշնային ժողով

Հայաստանի տարածքում ՌԴ զինծառայողներն ապահովում են անվտանգությունը տարածաշրջանում, նրանց դուրսբերումը կհանգեցնի լարվածության մեծացման, Երևանը չպետք է նույնիսկ մտածի երկրից ռուսական զորքերի դուրսբերման մասին։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը։

«Հայաստանի իշխանությունները մտադիր են իրենց ուժերով ամբողջությամբ վերահսկել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը, այդպես են նրանք հայտարարել։ Դե ինչ, դա նրանց որոշումն է, մենք պարտավոր ենք այն հարգել, առավել ևս, որ դա ակնհայտորեն մտածված է»,- նշել է նա։

Բոնդարևի խոսքով՝ սա առաջին խոշոր ոչ բարեկամական քայլն է․

«Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն անկումն է դեպի ոչ բարեկամական հարթություն, իսկ պատճառը արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Հայաստանի վաչապետին եվրոպական լուսավոր ապագա են «խոստանում», ինչպես նաև «պաշտպանություն» Ադրբեջանի և Իրանի տարածքային պահանջներից»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը։

Նրա խոսքով՝ «սա վտանգավոր ճանապարհ է, որը լի է տարածաշրջանում լարվածության սրմամբ, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա»․

«Հայկական կողմը պետք է յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի, հայ ժողովուրդը նույնպես պետք է ուղղակի և անուղղակի ազդի իր կառավարության վրա, հատկապես, որ նրանք սկսել են շատ հավատալ արևմտյան խոստումներին ու չեն հասկանում, որ դա կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստի։ Սրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստանի իշխանություններն անգամ մտածեն Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին»,- եզրափակել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը։