Բելառուսն ակնկալում է Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն

Բելառուսը հետագայում էլ ակնկալում է Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, որի խոսքերը փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Այո, մենք տեսել ենք France 24 հեռուստաալիքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը և չենք կարծում, որ դա մեր կողմից որևէ մեկնաբանության կարիք ունի։ Մենք նորմալ շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում ՀԱՊԿ հարցերը մշտապես գտնվում են տեսադաշտում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։

Նրա խոսքով, բելառուսական կողմը հետագայում էլ ակնկալում է ընթացիկ հարցերի ողջ շրջանակով Երևանի հետ կառուցողական համագործակցություն։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մենք պաշտոնական ծանուցումներ չենք ստացել»,-նշել է մամուլի քարտուղարը։

Վերջերս Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Փետրվարի 22-ին Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։