ԲիՕՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահն «Ամերիաբանկ»-ի հետ բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան

Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ ԲիՕՋիՋի միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։

Այցի շրջանակում պարոն Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։ Պարոն Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։

Խոսելով գործարքի մանրամասներից՝ Մել Քարվլը նախ նշեց, որ իրենց մեծ վստահություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ, իսկ երկրի տնտեսությունն իրենց համար շատ հետաքրքիր է։ Ինչ վերաբերում է Հայաստանի բանկային ոլորտին, ապա, ինչպես ընդգծեց Քարվլը, այն ունի բավականին բարձր կապիտալիզացիայի մակարդակ, չաշխատող վարկերի ցածր ցուցանիշ, իսկ Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է պատշաճ վերահսկողություն։

«Այսպիսով, մեզ համար սա շատ լավ հնարավորություն է՝ ընդլայնելու մեր գործունեությունն ու ստեղծելու մրցակցային առավելություն՝ փորձի փոխանակման և Ամերիաբանկին միջազգային կապիտալ շուկաներին հասանելիություն բացելու միջոցով», – հավելեց Մել Քարվլը՝ շեշտելով, որ BOGG-ն ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայի պրեմիում հարթակում, այն FTSE-250-ի ցանկում է, իսկ իր բաժնետիարական կազմը ներառում է աշխարհի խոշորագույն ֆինանսական խաղացողներին։