Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ նա մեղադրանքը չի ընդունում

Հակակոռուպցիոն դատարանի քիչ առաջ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Այդ ժամանակահատվածում Քերոբյանին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվի ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդագրության այլ ձևերից։ Քերոբյանին կարգելվի ունենալ նաև հեռախոսային խոսակցություններ, բացառությամբ՝ շտապօգնության, իրավապահ մարմինների կամ արտակարգ իրավիճաներում փրկարար ծառայության կանչի։

«Կբողոքարենք դատարանի որոշումը, կարծում եմ»,- որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Քերոբյանը։

Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։

Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։

Ըստ ՔԿ-ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։