ԼՂ-ից տեղահանվածների համար պետք է բնակարան ձեռք բերելու նույն պայմաններն ապահովենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար. Փաշինյան

Մենք այս պահի դրությամբ միայն պետական բյուջեից 34 մլրդ դրամ ենք տրամադրել և ծախսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ քննարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը, եկանք մի կարևոր եզրակացության, որ մենք պետք է իրենց համար նույն պայմաններն ապահովենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Սա շատ կարևոր է նաև լարվածություններ չառաջացնելու տեսակետից:

Սա նշանակում է, որ երբ մենք ասում ենք, որ բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է լինի ամուսնության վկայական և ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի, այդ պայմանը տարածվելու է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների վրա: Այս ծրագիրը հենց այսօր էլ նրանց համար գործում է:

Այլ բան, որ մենք կտեսնենք, թե ինչ աջակցության ծրագրեր կարող ենք նախատեսել, որպեսզի հողակտորների ձեռքբերման հարցում աջակցություն լինի, բայց քաղաքացիության հանգամանքը պարտադիր է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշեց այս ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն ենթադրում է, որ եթե անձը սահմանամերձ գյուղում ցանկանում է տուն կռուցել և հիփոթեքային վարկ է վերցնում, ապա կառավարությունը 16 մլն դրամի վարկի չափով վճարում է և մայր գումարը, և տոկոսները: