Կա սահմանագծման երկու տարբերակ. Հայաստանի համար երկուսին էլ ընդունելի են. Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եղած ահմաններով. սա նշանակում է, որ մեզ մնացել է տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը, դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով և լուծել հարցը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև այսպես կոչված, էքսկլավ-անկլավների հարցը: Ասենք, Արծվաշենի հարցը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել Արծվաշենի սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը:

Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ այդպիսի լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանմապարհով: Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին, իսկ  էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին: Այսինքն 2 տարբերակ կա, նախ ամբողջ սահմանագծով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծելով գնում ենք առաջ: Երկու տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են՝ վերը նշված սկզբունքների շրջանակում: Բայց Ադրբեջանը, կարծես, խուսափում է նաև այս տարբերակից»,- ընդգծեց Փաշինյանը: