Միրզոյանն ու Բորելը Բրյուսելում քննարկելու են ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը

Արգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են Եվրամիության (ԵՄ) ու Հայաստանի միջև առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Փետրվարի 13-ին նախատեսված ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հանդիպմանը հարցերի լայն շրջանակ կքննարկվի։ Բրյուսելի փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Բորելը կանդրադառնան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ներկա վիճակին, քաղաքական երկխոսության, բարեփոխումների, ժողովրդավարության, տնտեսական համագործակցության հետ կապված հարցերին, կքննարկեն նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։