Երևանում փողոցներ կանվանակոչվեն ի պատիվ Ազատ Շերենցի, Պերճ Զեյթունցյանի, Աղասի Այվազյանի և Ղուկաս Սիրունյանի

Երևանի ավագանու` փետրվարի 13-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված են նաև մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման որոշման նախագծեր:

Ըստ որոշման նախագծերից մեկի` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը (սկսվում է հ.2/5 հասցեին հարող տարածքից, հասնում` Դավթաշենի կամրջի տարածք) կանվանակոչվի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ՝ «Ազատ Շերենցի փողոց»։

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Զաքարիա Քանաքեռցու փողոցի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտից, հատում Քանաքեռի 4-րդ փողոցը, հասնում՝ Ծարավ Աղբյուրի փողոց) կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի անվամբ` «Պերճ Զեյթունցյան փողոց», «Պերճ Զեյթունցյան փողոց, 1-ին նրբանցք»:

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 3-րդ փողոցը (սկսվում է Քանաքեռի 6-րդ փողոցից, հասնում՝ Քանաքեռի 2-րդ փողոց), կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի անվամբ` «Աղասի Այվազյան փողոց»:

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 8-րդ փողոցը (սկսվում է Ծարավ Աղբյուրի փողոցից, հասնում՝ Քանաքեռի 12-րդ փողոց), կանվանակոչվի հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ` «Ղուկաս Սիրունյան փողոց»: