Որևէ համաձայնություն չպետք է վտանգի հայ ժողովրդի իրավունքները, պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոն հայտարարությունն է տարածել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրանից բխող պայմանագրի վերաբերյալ.
«Հետևելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև ընթացող բանակցային գործընթացին, ուսումնասիրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ արձանագրում ենք.
– քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման և ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը,
– ըստ էության այսպիսի փաստաղթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը: Ավելին, մեծանում են սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը չի ստանում հավելյալ որեւէ երաշխիք՝ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապահովելու համար, ինչպես նաև չեն ստեղծվում գործուն մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից հետագա թշնամական գործողությունները՝ ներառյալ ռազմական ագրեսիան:
Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով առկա իրողությունները, ազգային -պետական շահերի պաշտպանության հիման վրա հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առնվազն հետեւյալ սկզբունքների համաձայն
- Վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով որպես նախապայմաններ դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը։
- Տևական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պայմանագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի կողմերի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ համաձայնեցման ենթակա հարցերի ողջ փաթեթով։
- Որևէ համաձայնություն չպետք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի և անօտարելի իրավունքները։ Պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները՝ հստակ ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրավական և միջազգային նորմերին ու դիվանագիտական պրակտիկային համահունչ։
4․ Սահմանազատման և սահմանագծման հիմք պետք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետության ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։
5․ Տրանսպորտային և հաղորդակցության այլ ուղիների ամբողջական և միաժամանակյա ապաշրջափակում, առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։
- Մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճշնումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա:
Վերադարձի նախապայման պետք է դիտարկել.
– Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծավալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական իրավունքները,
– Արցախի ժողովրդի անվտանգության գործուն երաշխիքների ապահովումը, ներառյալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։
Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրված որևէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը»։