Քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկված առցանց հարթակի աշխատանքները, որի նպատակը կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտումն ու ուղղորդումն է:

Կարևորելով խնդիրը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթական համակարգում յուրաքանչյուր երեխայի լիարժեք ներգրավման հարցը պետության առաջնային խնդիրն է։ Նրա խոսքով՝ այս հարցում անելիքներ ունեն պետական մի շարք կառույցներ, և համագործակցված աշխատանքը չափազանց կարևոր է․

«ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որի կիրառման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ։ Նմանօրինակ հանդիպումները, կարծում եմ, արդյունավետ կլինեն՝ հստակեցնելու համար յուրաքանչյուր գերատեսչության անելիքներն ու քայլերի հաջորդականությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: