Ավանեսյանը հաստատեց՝ փոխնախարարին առաջարկել է այլ պաշտոնի տեղափոխվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ փոխնախարար Արմեն Նազարյանին առաջարկել է տեղափոխվել այլ պաշտոնի. «Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվության այն շրջանակը, որ անհրաժեշտ է իր վրա կրի համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել, որ այլ անձի դիտարկեմ այդտեղ նշանակելու համար»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի, Արմեն Նազարյանն այժմ արձակուրդում է, որի ժամկետի ավարտից հետո նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Ավանեսյանը նաև նշել է, որ առողջապահական ԾԻԳ ղեկավար Երվանդ Էլիբեկյանն էլ աշխատանքից ազատվել է կապիտալ շինարարությունների ընթացքի կառավարման ու իր առջև դրված պահանջների կատարման հետ կապված. «Ես ներկայացրել եմ իմ պահանջներն ու դրա հետ կապված փաստարկներ եմ ներկայացրել, և նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ համաձայն լինելով, որ չի կատարվել աշխատանքն ըստ իմ պահանջի»։

Նա շեշտել է, որ այդ ազատումները կապված են ոչ թե կոնկրետ Մարտունու բուժկենտրոնի, այլ ընդհանուր կապիտալ շինարարությունների ընթացքի հետ։