4,5 հա տարածքում շուրջ 1 հա թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է․ խոսնակ

Հանրային այգիները, այդ թվում՝ «Օղակաձև» այգին, պետք է ծառայեն հանրությանը, քանի որ դրանք հանրային տարածք են։ Մարդիկ պետք է կարողանան հանգիստ զբոսնել և իրենց հանգիստը վայելել։

Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Թենիսի կորտերը, ինչպես նաև մնացած տնտեսվարողնեը, որոնք «Օղակաձև» այգում են, բոլորը բիզնես են իրականացնում։ Թենիսնը, իհարկե, տարբերվում է, քանի որ սպորտ է և ունի պատմություն։ Դրանով պայմանավորված՝ քաղաքապետարանը հայտարարում է հետևյալը․ թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսին, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,- նշեց Կոստանյանը՝ շեշտելով, որ 4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է։

Խոսնակը նաև նշեց, որ տնտեսվարողների հետ դեռևս չեն հանդիպել, քանի որ դեռ վերջնական լուծում չկա։

«4-րդ հատվածը դեռ պետք է հանրային գերակա շահ ճանաչվի։ Այս պահին ծրագրի հետ կապված քննարկումներ է իրականացնում ընկերությունը, որից հետո կներկայացնի քաղաքապետարան»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, իսկ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, որ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, դռները բաց են։

««Green Rock Management» ընկերությունն իրավացի է, երբ ասում է, թե վերջնական բան չկա։ Անկախ նրանից, որ ծրագիրը պետք է ներկայացվի քաղաքապետարան, վերջնարդյունքում քաղաքապետարանը պետք է հավանություն տա՝ այգին այդպե՞ս վերակառուցվի և հիմնանորոգվի, թե՞ ոչ»,- ընդգծեց խոսնակը։