Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % պակաս կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին և այն համարեց անհետաձգելի:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված:

«Բացի այդ, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս:

Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված:

Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից:

Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը: