Փարաջանովյան տրտում պարադոքսներ

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ հարկ եմ համարում արձանագրել, թեկուզ և չներդաշնակելով շատերի հուզավառ զեղումներին:

  1. «Նռան գույնը» ամենահայտնի հայկական ֆիլմն է միջազգային ասպարեզում (գոնե կինոգիտական շրջանակներում), անհնարինության չափ ծեծված համեմատությամբ՝ հայկական կինոյի այցետոմսը, որի մոգական տպավորությունը չի եղծել նույնիսկ սովետական ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչի վերամոնտաժումն ու վերջին հաշվով փարաջանովյան բնօրինակի աղճատումը: Բայց «Նռան գույնը», որն ասպարեզ է եկել 1969-ին, շարունակում է Հայաստանում մնալ ամենից քիչ դիտված, ներկայացված, մեկնաբանված, քարոզված ֆիլմերից մեկը, ուստի որքան ծանոթ է դրսի աշխարհում, այնքան էլ սակավածանոթ է երկրի ներսում:
  2. «Նռան գույնը»՝ հայկական կինեմատոգրաֆի ամենաֆենոմենալ գործը, մնացել է օազիս, կղզի. փարաջանովյան էսթետիկան, վարպետի բացած նոր հորիզոնները, կինոարվեստի նրա հայեցակարգն ու ընկալումը ավանդույթ չեն ստեղծել, ուղենիշ չեն դարձել, ստեղծագործաբար չեն յուրացվել և ազգային կինոմտածողության նոր որակի տեղիք չեն տվել, լավագույն դեպքում էպիգոնական նմանակումներ են խթանել և մեխանիկական ընդօրինակում կամ վերարտադրություն: Հետևությունները թողնում եմ ձեզ:
  3. Փարաջանովի հարյուր տարին էլ լրացավ, բայց նրա ֆիլմերի վերնագրերը շարունակվում են նույն հաջողությամբ աղավաղվել (ռուսերենի ազդեցությամբ) նույնիսկ մասնագիտական հավակնությունների տեր անձանց կողմից. «Սուրամի բերդի լեգենդը» դարձնում են «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (կամ մի այլ վարիացիա), «Աշուղ Ղարիբը»՝ «Աշիկ Քերիբ» (կամ մի այլ վարիացիա) և այլն: Իմ կարծիքով սա ևս մի վկայություն է, որ փարաջանովյան ֆիլմերը շատերին սակավածանոթ են (տե՛ս կետ 1), իսկ մասնագետներին մայրենի լեզուն է քիչ հայտնի:
  4. Փարաջանովի թանգարանը Երևանում բացառիկ մշակութային հաստատություն է (անսահման շնորհակալություն հիմնադիր Զավեն Սարգսյանին), բայց թանգարանը տասնամյակների իր գործունեության ընթացքում մնացել է ընդամենը փարաջանովյան գործերի և մասունքների հավաքատեղի, որը, ճիշտ է, քանիցս ցուցահանդեսներ ու հրապարակումներ է արել, բայց չի վերածվել փարաջանովյան արվեստի ճանաչված կենտրոնի, ասել է թե՝ գիտահետազոտական կամ արվեստաբանական ինստիտուտի:
  5. Եվ վերջապես, Փարաջանովի հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումները, համենայն դեպս առայժմ, իրենց մասշտաբով ու նշանակալիությամբ համարժեք չեն նրա անձի և արվեստի մեծությանը՝ ավանդական-ստանդարտ ծաղիկների խոնարհում, արձանի բացում, Կարեն Քալանթարի գրքի վերահրատարակում, ցուցադրություններ, ինչ-որ նմանողական ինստալացիա, հարիսայի, նռների բաժանում և այլն: Էս ամենի կազմակերպիչներին ակնհայտորեն պակասում է երևակայությունը (գոնե Փարաջանովից դասեր քաղեին), եթե մյուս պակասները չթվարկենք հանուն տեղի խնայողության: Բա արևի պես հուրհրան, մինչև ուղնուծուծը էսթետ, հենց բուն իմաստով ինքնօրինակ ու աննման, ի վերջո մեզ համար (և ոչ միայն) վիթխարի կշիռ ունեցող մարդուն էսքան սաղր ու մակերեսիկ, էսքան իմիջիայլոց կհիշե՞ն կամ էսքան կձգտեն հուշարձանացնե՞լ:

Էս ամենից դժվար է չեզրակացնել, որ կյանքի օրոք սովետների երկրի դառնությունը մինչև մրուրը ճաշակած Փարաջանովի հետմահու ճակատագիրն էլ նախանձելի չէ Հայաստանում, որքան էլ նա մեր կինոյի առաքյալն է աշխարհում, արտ հաուսի արքա, մի կախարդական անուն, որի առաջ բացվում է ամեն դուռ: Առայժմ այդ ճակատագրին ամենից շատ «հեգ» մակդիրն է բռնում:

Զավեն Բոյաջյան

Թարգմանիչ, կինոգետ