Ռուսաստանի և Հայաստանի միջև յուրօրինակ «թարգմանչի» դերը ստանձնել է Բելառուսի առաջնորդը. Սերգեյ Մարկեդոնով

Երկար ձգված դադարը, կարծես, խախտվեց։ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք»՝ մասնակցելու ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափով հանդիպումներին։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետը չի մասնակցել Բիշքեկում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջկառավարական խորհուրդների աշխատանքներին, ինչպես նաև նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հետաքրքիր է, որ Սանկտ Պետերբուրգի երկու գագաթնաժողովների նախօրեին Վլադիմիր Պուտինը բավականին զուսպ արձագանքեց Փաշինյանի «բացակայությանը»։ Դեկտեմբերի 14-ի «Տարվա արդյունքների» ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Փաշինյանի բացակայությունը Բիշքեկում և Մինսկում «կապված է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացների հետ և կապված չէ այդ ինտեգրացիոն ասոցիացիաներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկության հետ»: Միաժամանակ, սակայն, ռուսական պետության ղեկավարը չի զլանել ասել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշել է հենց Հայաստանի ղեկավարությունը։ Մի կետ, որտեղ Մոսկվան և Երևանը տարբեր մեկնաբանություններ ունեն։

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև յուրօրինակ «թարգմանչի» դերը ստանձնել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Սանկտ Պետերբուրգում պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ Փաշինյանի հանդեպ վիրավորվածություն չունի՝ Մինսկում նրա բացակայության համար։ Լուկաշենկոն այնուհետև անդրադարձել է Հայաստանի վարչապետի հետ իր զրույցին, ով Բելառուսի նախագահին բացատրել է, որ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն տարբեր ձևաչափեր են, իսկ տնտեսական մասով պատրաստ է պահպանել ինտեգրացիոն մասնակցությունը, մինչդեռ իր կասկածները վերաբերում են բացառապես ռազմաքաղաքական ասպեկտներին

Վերջին ամիսներին թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում բազմաթիվ տեքստեր են գրվել երկկողմ հարաբերություններում ճշգրտումների, Երևանի արտաքին քաղաքական մոտեցումների փոփոխության մասին, որոնք ներկայացվում են գրեթե բացառապես որպես շրջադարձ դեպի Արևմուտք։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը օգտակար էր նման գաղափարների ամրապնդման համար։ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ «Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և հեռու մնալ Մոսկվայից»։ Մինչդեռ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներից քիչ առաջ հայտարարվեց Հայաստանի և Հնդկաստանի միջև սպառազինությունների գործարքի մասին։

Երևանը, ավելի շուտ, ձգտում է դիվերսիֆիկացման և ընտրովի համագործակցության` առաջատար ուժային կենտրոնների հետ՝ առանց որևէ մեկի վրա հույս դնելու։ Դժվար թե նման մոտեցումը գոհացնի Մոսկվային, մինչդեռ Արևմուտքը կուրախանա կովկասյան տարածաշրջանում ռուսական ազդեցության (թեև ոչ ճնշող) կրճատման բուն միտումով։ Բայց առայժմ կարող ենք արձանագրել, որ և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Հայաստանը, նկատելով ակնհայտ հակասություններ, չեն ցանկանում խորացնել բացը և վերջ դնել հարաբերություններին»,- գրել է նա։