Մեր ռազմավարական նպատակը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է․ Փաշինյան

«Ներկայումս անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ՆԳ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից»,- կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին որոշումը։

Նրա խոսքով, քաղաքացիները 2023 թվականի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի, ոչ կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր՝ առանց էլեկտրոնային կրիչների։

«Քանի որ ենթակառուցվածքները արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջներ, այդ պատճառով ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման կապակցությամբ առկա է ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ՝ եղած պահանջարկի պատշաճ բավարարում, հերթերի կառավարում»,- հայտնեց Ղազարյանը։

«Կենդանի հերթերը ամառային սեզոնին շատ մեծ են լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս: Ուստի լուծումը թվային միջոցների ներդրումն է:  Միաժամանակ՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման ծառայության հետ կապված առկա են մի շարք խնդիրներ:

Առաջարկվող նախագծի միջոցով ապահովվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ իրավական հիմքեր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ՊՄԳ ծրագրի իրականացումը մեկնարկելու նպատակով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ ՊՄԳ ծրագրի իրականացումը, մասնավորապես՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը մեկնարկելու համար։

Ծրագրի իրականացման արդյունքում ՊՄԳ ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում թե՛ գործառնական, թե՛ շուկայավարման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ որոշմամբ նախատեսվում է գնման միջազգային մրցույթ հայտարարել և հավելեց. «Մեր ռազմավարական նպատակը  քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է»։