Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի

Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի: Այդ մասին Комсомольская правда-ին տված հարցազրույցում վերահաստատել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

«Արդեն ընդունվել և համաձայնեցվել են պետությունների իշխանությունների հետ հյուպատոսությունների բացման մասին որոշումները։ Հյուպատոսություններ կբացվեն Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն)»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշենք՝ Կապանում գլխավոր հյուպատոսությունը կդառնա ՀՀ-ում ՌԴ երկրորդ գլխավոր հյուպատոսությունը Գյումրուց հետո: Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել համապատասխան համաձայնագրին։ Հայկական կողմը ևս տվել է իր համաձայնությունը։ Գլխավոր հյուպատոսության բացման կոնկրետ ժամկետներ չեն նշվում։