Դուք հիմա սպասում եք, որ ԱԺ նախագահը պետք է մեղադրանք հնչեցնի հարևան պետության ուղղությա՞մբ․ ես չեմ հնչեցնի․ Սիմոնյան

Լավրովը եկել է Երևան, հետո գնացել է Բաքու, և Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանների վրա. ի՞նչ հետևություններ եք անում դրանից, արդյոք ռուսական կողմը հրահրե՞լ է պատերազմ: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Վատ է, շատ վատ է, ինչ հետևություններ պետք է անեմ: Դուք հիմա սպասում եք, որ ԱԺ նախագահը պետք է մեղադրանք հնչեցնի հարևան պետության ուղղությա՞մբ: Ես չեմ հնչեցնի նման հայտարարություն: Ես կարծում եմ, որ իրականությունը Հայաստանի հանրությունը և ԼՂ բնակչությունը շատ լավ գիտեն, և այն հուսախաբությունը, որը տեղի ունեցավ ԼՂ-ում. հիշում եք՝ Z տառն էին գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին` «Спасибо, Россия»: Այդ ամեն ինչը մեկ օրվա մեջ փոխվեց, և տեսանք, որ ռուսական խաղաղապահներն անգործությամբ թույլ տվեցին և դուրս ուղեկցեցին հայ բնակչությանը Ղարաբաղից: Կարծում եմ, որ պետք չի, որ կոնկրետ, ուղիղ հայտարարություններ արվեն»:

Նա նշեց, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ դաշնակցային պետություն է: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դաշնակիցն իր պարտավորությունները ինչ-որ պահի գոնե սկսի իրականացնել»։

Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ հաջորդ տարի Հայաստանը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. «Այդ համագործակցության շնորհիվ  նաև մեր տնտեսությունն աճ է ապահովում։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացնի կառավարությունը»: