Հայաստանի ինքնիշխանության «ջատագովը» հարցազրույցում Ադրբեջանի օգտին նոր թեզեր է գեներացնում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը մեջբերելով Հանրայինին տված Փաշինյանի հարցազրույցից մի հատված՝ գրում է․

«Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, ի՞նչ փուլում է հիմա բանակցային պրոցեսը: Արդյոք մենք անցնում ենք երկկողմ ֆորմատի և Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, թե՞ ոչ: Վե՞րջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե տեսեք, այս խոսակցությունից հետո Դուք նորից վերջում տալիս եք այդ հարցը, մենք մի ժամից ավելի խոսում ենք, ի՞նչ էինք խոսում:

Պետրոս Ղազարյան – Մենք ինչ որ բան հիմա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, որովհետև 2018 թվականին էլ, այդ էլ է, իմիջիայլոց, հաջորդ նրբություններից մեկը, ես ասել եմ՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ:

Հայաստանի Հանրապետության պետական շահերի սպասարկմանը կոչված մարդը մոտ մեկ ժամվա իր հարցազրույցում ծայրից ծայր կրկնում է Արցախի հարցում ադրբեջանական հայտնի ու անհայտ խոսույթները, ավելին՝ անգամ Ադրբեջանի օգտին նոր թեզեր է գեներացնում։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության «ջատագովը» այսօր Երասխում անգամ չի կարողանում մետաղաձուլական գործարանի կառուցում ապահովել, ինչու՞՝ որովհետև Ադրբեջանը կրակում է, ամերիկյան դրոշներն էլ չեն օգնում։

Հայաստանի Հանրապետության անկախության «մարտիկը» Ալիևի հրահանգով պատրաստ է անկախության հռչակագիր փոխել, առհասարակ ամեն ինչ ջնջել ու քանդել, որ Ալիևը գոհ մնա ու հանկարծ չկրակի, չնայած մեկ է՝ կրակում է, բայց եկեք չտեսնելու տանք։

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության «պաշտպանը» զիջումների արդյունքում հասավ նրան, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա: Ըստ Արարատ Միրզոյանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք։

Մի փոքր դրվագ էլ՝ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև սկսել է մեր երկիրը բռնապետ նախագահի մակարդակով կոչել «Արևմտյան Ադրբեջան»։

Հայաստանի Հանրապետության պետականության «մարտիկը» Ալիևից մեզ համար «կադաստրի թուղթ» է խնդրում՝ դրանով իսկ վտանգելով մեր պետականությունը։

Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության «քարոզիչն» էլ ձերբակալում է ընդդիմադիրներին, լռեցնում մամուլը, ճնշում իրեն չենթարկվող կառույցների ղեկավարներին, կարմիր բերետավորների միջոցով փոխում ընտրությունների արդյունքները, փաստացի՝ զավթում իշխանություն ու ձեռքի հետ էլ պադավատներով ճռռցնում ու մարդ գցում մեքենայի տակ։

Հենց այսպիսի մարդ է այսօր նստած Հայաստանի Հանրապետության վարչապետի սենյակում ու համոզում մեզ, որ Արցախը Տիգրան Մեծը, վայ չէ կներեք՝ Հայկ նահապետն է հանձնել, չնայած ո՞վ ասեց, որ մենք այդքան հին ենք, դեռ Ալիևից ճշտել է պետք․․․»։