Օդեսայի հայ համայնքում վեճ է եղել․ Սինանյանին չեն ցանկացել դիմավորել․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 12-ին 8 օրով գործուղվում է Ուկրաինա։ Գործուղման նպատակը տեղի հայկական համայնքի անդամներին, գործարարներին ու մշակութային գործիչներին հանդիպելն էր։

«Հրապարակը» գրում է․

«Մեզ բավականին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Սինանյանի՝ Ուկրաինա այցից, մասնավորապես այն, որ Սինանյանին անձամբ դիմավորելու հարցով այնքան էլ ուրախ չէ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ այդ անբարյացակամ վերաբերմունքի պատճառն այն է, որ Սինանյանը հանդիպել է «սեպարատիստներին»՝ այդպես են անվանում այն հայերին, ովքեր անուղղակի կապեր ունեն ազգությամբ ռուսների, չեչենների հետ կամ էլ պարբերաբար հանդես են գալիս քննադատությամբ Փաշինյանի հասցեին։ Իսկ Սինանյանն արդեն հասցրել է Օդեսայում հանդիպել մի շարք այդպիսի հայերի հետ։ Նմանօրինակ հանդիպումները չեն վրիպում նաև Ուկրաինայի հատուկ ծառայությունների աչքերից և դա հետագայում կարող է ազդել հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, չէ՞ որ Սինանյանը Փաշինյանի թիմի անդամն է։

Մեր տեղեկություններով, Վլադիմիր Կարապետյանին հենց դա էլ վրդովվեցրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը քննադատող կամ Ուկրաինա այցելության ժամանակ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հագուկապն ու բոթասներով հանդիպման գնալը քննադատող մարդկանց հետ հանդիպում է Փաշինյանի թիմից որևէ մեկը։ Ավելին, մեզ տեղեկացրին, որ եթե Երևանից հստակ հրահանգ չլիներ Սինանյանին ուղեկցելու, ապա ամենայն հավանականությամբ, դեսպանը ուղղակի ոչ կհանդիպեր Սինանյանին, ոչ էլ կուղեկցեր նրան այցի ողջ ընթացքում։

Օդեսայում հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների միջև արդեն իսկ Սինանյանի հետ հանդիպելու թեմայով վեճ է եղել՝ ասում են, որ հայ համայնքի անդամները դեմ են եղել նրա պատվին հանդիպում կազմակերպելուն։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Սինանյանն այսօր Կիև է գնալու, սակայն արդեն հասցրել է հանդիպել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք Ուկրաինայում և հայ համայնքում ոչ մի վարկանիշ չունեն»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։