32 հայ գերիներից ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մուրացան» հոսպիտալում իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,– ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե առաջիկայում նման բուժզննությունների կարիք կլինի, Ավանեսյանը պատասխանեց` այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։