Մենք ուզում էինք, որ նրանք մնան․ Ալիևը՝ արցախահայերի մասին

Իրենց տներից հեռանալը Լեռնային Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը նրանց հետ, ինչպես նաև այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ուզում էինք, որ նրանք մնան։ Այս մասին «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ իրենք բացահայտ հայտարարում էին այդ մասին։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Նրանց սեփականությունն ինչպես հարկն է՝ պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պաշտպանության տակ են։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետևեն։ Ես այդ մասին ասել եմ «հակաահաբեկչական գործողության» մեկնարկից շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնեն, քանի որ ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կամ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կամ աշխատանքի իրավունք, կամ կեցության իրավունք»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ինչպես ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիներն այսօր պետք է քաղաքացիություն կամ աշխատանքի իրավունքն ստանան ՀՀ-ում ապրելու համար, այնպես էլ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերը։

«Ինչպե՞ս Հայաստանից վտարված ադրբեջանցի փախստականը ցանկության դեպքում կվերադառնա։ Նա չի կարող գնալ այնտեղ և ասել՝ ահա ես՝ Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության բնակիչս։ Ո՛չ, նա կվերադառնա և կդիմի քաղաքացիություն կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Ինչո՞ւ պետք է այստեղ այլ կերպ լինի», – նշել է Բաքվի բռնապետը

Ալիևը նաև ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները և կմեկնաբանի դրանք։